ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներից 25-ի մասնակցությամբ մեկ շաբաթում 25 պատահար է գրանցվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ներկայացուցիչը։
«Նախորդ շաբաթ 67 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3538 շարժակազմ` նախատեսված 3937-ի փոխարեն։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 25 պատահար, որից մեկը՝ մարմնական վնասվածքով։ Վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղևորը վայր է ընկել և ստացել ողի ու թիակի կոտրվածք։ Խոսել եմ և՛ իր, և՛ բժշկի հետ»,– նշեց ՓԲԸ–ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` տուժողը հետվիրահատական շրջանում է արդեն, այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։
Նիստի ընթացքում նշվեց, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորները 117 անգամ ահազանգել են։ Ընդգծվեց` վարորդներին զգուշացումներ են տրվել, բանավոր և գրավոր նկատողություններ, կազմվել են արձանագրություններ։ Մեկ ահազանգի վերաբերյալ էլ վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում վարորդն ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այդ ահազանգերի այդ թիվը մտահոգիչ համարեց։ Նա շեշտեց` վարորդների պահվածքի մասով էական անելիք կա, որպեսզի բողոքները շարունակաբար պակասեն։