ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ըստ նախնական պայմանավորվածության` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին Ժնևում Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։
«Հենց այդ ժամանակ էլ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերին Ժնևում հանդիպելու մասին»,– ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։