Վեճ հին վանքի շուրջ․ ինչու է դատախազությունն ուզում ՀԱԵ-ից վերցնել Եղիպատրուշի եկեղեցին

Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին վերջին օրերին գրեթե բոլորն են լսում։ Եթե նախկինում 13-րդ դարի տաճարը զարմացնում էր իր ճարտարապետությամբ և էներգետիկայով, ապա հիմա՝ դրա շուրջ ստեղծված սկանդալով։ Իրավիճակից փորձել գլուխ է հանել Sputnik Արմենիայի թղթակիցը։
Sputnik
ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հայտարարություն էր տարածել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաշվեկշռին հանձնելու անօրինականության վերաբերյալ՝ տեղեկացնելով դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի մասին: Տեղի բնակիչներն անհեթեթ են համարում իրավապահ կառույցի մտադրությունը, քանի որ ում պետք է պատկանի տաճարը, եթե ոչ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում որոշ բնակիչներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են պայքարել արդարության հասնելու համար։
Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

Ինչը չեն կարողացել կիսել պետական մարմինները

Սուրբ Աստվածածին եկեղեցին 2019 թվականին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը նվիրաբերվել էր Մայր աթոռ Ս.Էջմիածնին: Այս հարցը դատախազության ուշադրությանն է արժանացել հինգ տարի անց։ 2024 թվականի հունվարին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության հիման վրա վերահսկիչ գերատեսչությունն այս հարցով հետաքննություն է սկսել։
Իրավապահ կառույցը ոչ իրավաչափ է համարել հին տաճարը Հայ Առաքելական եկեղեցուն հանձնելը։ Կառույցը որպես փաստարկ բերում է կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշումը, որի համաձայն տաճարն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Դատախազությունը, հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքին, հայտարարել է, որ եկեղեցին օտարման ենթակա չէ:
Սակայն Վարչական դատարանը, իսկ ավելի ուշ՝ Վերաքննիչ դատարանը մերժել են դատախազության հայցերը (համապատասխանաբար փետրվարի 15-ին և ապրիլի 22-ին), հիմա Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի։
Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը նշեց, որ տաճարը Հայ առաքելական եկեղեցուն է հանձնվել դեռևս 2003 թվականին: Սակայն գործընթացն օրինականացվել է միայն 2019 թվականին՝ մի շարք ընթացակարգեր իրականացնելուց հետո։ Կատարվել են տարածքի կադաստրային չափագրումներ, որոնց հիման վրա եկեղեցին ստացել է վկայական: Այնուհետև տաճարը ՀԱԵ-ին հանձնելու հարցը մտցվել է Ապարանի ավագանու նիստի օրակարգ և հաստատվել է նրա կողմից: Բացի այդ, հարցը քննարկվել է իրավասու պետական մարմինների կողմից։ Եվ միայն դրանից հետո է տաճարը նվիրաբերվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը
«Այդքան մեծ ճանապարհ անցնելուց հետո չէին կարող խախտումներ լինել։ Այդ պատճառով դատախազության հայտարարությունը մեզ համար առնվազն անսպասելի էր»,-ասաց քահանան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Տեր Մուշեն պարզաբանեց, որ այստեղ պարզ տրամաբանություն է՝ վանքերը պետք է պատկանեն եկեղեցուն։ Խորհրդային տարիներին դրանք օտարվել են և հանձնվել համայնքային օգտագործման, հետագայում նորից սկսվեց դրանց` եկեղեցուն վերադարձնելու գործընթացը։ Նա հիշեցրեց, որ դեպքեր են եղել, երբ կառավարության որոշմամբ է եկեղեցին վերադարձվել Մայր աթոռին։
Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործող է, այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները պատարագներ անցկացնելու համար։ 2019 թվականից հետո տեղի բնակիչների ջանքերով վանքի տարածքը բարեկարգվել է։ Նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման և վերանորոգման նախագիծ է մշակվել, արդեն ներդրող են գտել։ Ներկայումս այդ գործընթացը սառեցվել է, սակայն Տեր Մուշե քահանա Վահանյանը նշեց, որ դատական գործընթացների ավարտից հետո եկեղեցին անպայման կվերականգնվի և պատշաճ տեսքի կբերվի։ Նա հույս ունի, որ ստեղծված թյուրիմացությունը շուտով կհարթվի։
1 / 7

Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

2 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

3 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

4 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

5 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

6 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

7 / 7

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին. 13–րդ դար

Ինչ են ասում բնակիչները

Եղիպատրուշ գյուղի 70-ամյա բնակիչ Պատվական Հակոբյանին վանքի շուրջ ստեղծված վեճը մի փոքր զարմացնում է։
«Էս եկեղեցին մեր պապերը հազար տարի առաջ սարքել են, որ մեր սերունդները աղոթեն, եկեղեցուց չկտրվեն։ Ամոթ է, եկեղեցին Էջմիածնից կտրել, ինչ-որ կոմիտեի տալը ո՞րն է։ Ամոթ է ուղղակի, չի կարելի»,-ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Պատվական Հակոբյանը
Հակոբյանը հավատում է եկեղեցու հրաշագործ ուժին։ Նրա խոսքով՝ վերջին չորս տարում, երկու պատերազմի և սրացումների ժամանակ գյուղից ոչ մի զինվոր չի զոհվել, միայն մեկը թեթև վիրավորվել է թևից։
«Ես զգում եմ, որ մեր եկեղեցին մեզ պահպանում է»,-ասում է նա։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ ՀԱԵ Ապարանի թեմի երիտասարդաց միության նախագահ, 21-ամյա Նորիկ Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղի երիտասարդներն ակտիվորեն ներգրավվել են եկեղեցու տարածքի բարեկարգման և զարգացման աշխատանքներին:
Նորիկ Ղազարյան
Ավելին, միության շրջանակներում նրանք միջոցառումներ են կազմակերպում, նշում բոլոր եկեղեցական տոները։
Հիշեցնենք, որ Եղիպատրուշ գյուղում ներկայումս մշտապես բնակվում է ավելի քան 550 քաղաքացի: Եղիպատրուշի եկեղեցին Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե իշխանի կառուցած յոթ տաճարներից մեկն է։