ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները սարսափելի են, դրանք նման են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողություններին։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Էրլ Ռասմուսենը՝ մեկնաբանելով The New York Times (NYT) թերթի տվյալները Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս ռազմագերու գնդակահարության մասին:
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, սարսափելի է։ Այն, ինչ անում են Ուկրաինայի Զինված ուժերը, հիշեցնում է նացիստների գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ի վերջո, ինչպես գիտենք, Ուկրաինայի ԶՈւ-ի շարքերում իսկապես Բանդերայի հետևորդներ գոյություն ունեին։ Եվ գերմանացիները ցնցված էին նրանց անգթությունից»,-ասել է նա։
Ռասմուսենը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները միայն հիմա են սկսել հայտնվել արևմտյան ԶԼՄ-ներում: Նա նշել է, որ Ուկրաինայի զինվորականները դաժան են ոչ միայն ռուս զինվորների, այլ նաև յուրայինների նկատմամբ։
Հուլիսի 6-ին NYT-ը հայտնել էր օգնություն խնդրող ռուս ռազմագերու գնդակահարության մասին։ Հաղորդվում էր, որ այնուհետև ուկրաինացի գրոհայիններից մեկը մոտեցել է նրան և կրակել, ռազմագերին ընկել է։ Որոշ ժամանակ անց մոտեցել է Ուկրաինայի զինված ուժերի ևս մեկ զինվորական և կրակել է ռուս զինվորի գլխին։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կստուգեն Ուկրաինայի զինված ուժերի զինյալի կողմից ռուս ռազմագերու սպանության մասին NYT-ի տվյալները: Կիևի ռեժիմի հանցագործությունների գծով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ տեղեկատվության հաստատման դեպքում կատարվածը կճանաչվի ռազմական հանցագործություն: