ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը 2 նոր հարձակվող ու 1 պաշտպան ունի Բրազիլիայից ու Պորտուգալիայից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական ակումբը պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի, 31-ամյա բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսի և 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ:
Ժոաուն պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: 28-ամյա հարձակվողը իր նախկին թիմի՝ «Ֆեյրենսեի» կազմում անձնական ցուցանիշներով անցկացրել է ամենաշատ հանդիպումները՝ 61 խաղ, 3 գոլ:
Բրազիլացի Մենեզեսը 2013 թվականին բրազիլական «Վիտորիայից» տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ: Նա ևս 9 տարի անցկացրել է Պորտուգալիայում՝ հանդես գալով «Մերելինենսեում», «Օլիվեյրենսեում», «Ֆեյրենսեում» և «Վարզիմում»:
2022/23 մրցաշրջանից սկսած բրազիլացին մրցելույթներն է սկսել Հայաստանում: Հարձակվողը պաշտպանել է «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» գույները՝ մասնակցելով 56 հանդիպման (9 գոլ, 4 ասիստ):
Մյուս բրազիլացի ֆուտբոլիստի` Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիան», որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: