Ցավալի է, որ Երևանի քաղաքապետարանը փողոցները նորոգելու փող չունի. ակտիվիստ

Մայրաքաղաքի ասֆալտապատման խնդիրը մշտապես ուշադրության տակ պահող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը նկատել է, որ վերջին 2 տարում քաղաքում ճաքալցման աշխատանքներ չեն կատարվում, արդյունքում փոսերը հասել են աննախադեպ քանակի ու չափերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Շատ ցավալի է, որ Երևանի քաղաքապետարանը փող չունի փողոցները ասֆալտապատելու համար, այն դեպքում, երբ վերջին 2 տարում հնարավոր բոլոր տեղական տուրքերն ու հարկերն ավելացել են։ Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի փողոցների ասֆալտապտման համար պետական բյուջեից գումար հատկացնելու մասին կառավարության վերջին որոշմանը։
«Փաստացի քաղաքային բյուջեի մուտքերը մի քանի անգամ պիտի ավելացած լինեին։ Այդ իրավիճակում ասել, որ փող չունենք քաղաքի փոսերի հարցը լուծենք ու կառավարությունից գումար խնդրել, որպեսզի փողոցներն ասֆալտապատեն, աբսուրդ է, եթե ավելի կոպիտ գնահատական չտանք»,– ասաց Հայրումյանը, ով միշտ ուշադրության կենտրոնում է պահում մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման խնդիրը, ահազանգում կատարված թերի աշխատանքի ու համայնքային իշխանությունների անգործության դեպքերի մասին։
Հուլիսի 4-ին կառավարությունը որոշեց Երևանի քաղաքապետարանին փոխանցել 2,5 մլրդ դրամ, որից 0.5 մլրդը կհատկացվի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին։ Փողոցների ասֆալտապատման համար կծախսվի մնացած 2 մլրդ–ը:
Մայրաքաղաքի կառավարմանն ուշի ուշով հետևող մեր զրուցակիցը չի հիշում, որ փողոցների նորոգման ընթացիկ ծրագրերի համար պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին երբևէ գումար տրամադրված լինի։ Քաղաքային իշխանությունն էլ, նրա դիտարկմամբ, փողոցներում բացվող փոսերը նորոգում էր ոչ թե փողոցն ամբողջությամբ ասֆալտապատելու, այլ փոսալցման և ամրացման աշխատանքների միջոցով։
2023 թվականին 803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել կամ սալարկվել. Սանոսյան
«Մինչև 3 տարի առաջ մայրաքաղաքում միշտ արվել են ճաքալցման աշխատանքներ։ Դա ո՛չ փոսալցում է, ո՛չ միջին նորոգում։ Աշնանը ասֆալտի ճաքերը լցնում են բիտումով, որպեսզի ձմռանը արանքները ջուր չլցվի ու ասֆալտը քայքայի», – պարզաբանում է Հայրումյանը` հավելելով, որ 2022թ–ից սկսած այդ աշխատանքները չեն արվում, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ` քաղաքի փողոցներում փոսերը հասել են աննախադեպ քանակի ու չափերի։
Ընդ որում, ճաքալցման ու փոսալցման աշխատանքները անհամեմատ ավելի էժան են փողոցն ամբողջությամբ ասֆալտապատելու տարբերակից։
«Սա է նաև պատճառներից մեկը, որ ունենք այսօր։ Հասել ենք մի իրավիճակի, երբ որ կողմ նայում ենք քաղաքում՝ փոսեր են։ Քաղաքը, փաստորեն, այդքան հարկ ու տուրքի ավելանալուց հետո չունի այնքան բյուջե, որ կարողանա լուծել իր սեփական փողոցների միջին նորոգման հարցը»,– նշում է ակտիվիստը։
Հունիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել էր փոսալցման խնդրին` հանձնարարելով 1 շաբաթում լուծել տեխհսկողության ոլորտում ծագած խնդիրն ու անցնել գործի։
«Մյուս շաբաթ էս հարցը որ տրվի, ասեք` վսյո, ունենք տեխզննող, աշխատում ենք»,– հրահանգել էր Ավինյանը։
Եվս մեկ շաբաթ անց պարզվել էր, որ քաղաքը փող չունի, և որոշ փողոցների համար պետբյուջեից է գումար վերցնում։
«Որպես վարորդ` շատ եմ ուզում, որ Երևանում փոս չլինի, ու բոլոր փողոցները ասֆալտապատվեն։ Բայց որպես մարդ, ով հարկ է տալիս ու հետո նայում, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը, ցավում եմ»,– նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ պետություն բազում կուտակված խնդիրներ ունի` սոցիալականից մինչև անվտանգային, ինչը պետական միջոցների անհամեմատ ավելի արդյունավետ կառավարում է ենթադրում։