Թուրքիան դժգոհ է Արևմուտքից, բայց հուսով է` Երևանն ու Բաքուն կկնքեն խաղաղության պայմանագիր

Ֆիդանը նշել է, որ Անկարան խրախուսում է Բաքվի դրական դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Թուրքիան դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից, որոնք «ֆավորիտ» են համարում Հայաստանը, և անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ, Անկարան հույս ունի, որ Երևանը և Բաքուն շուտափույթ կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։
«Մենք կրկին հայտարարում ենք այդ գործընթացում եղբայրական Ադրբեջանին լիովին աջակցելու անհրաժեշտության մասին»,– ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դրական վերաբերմունքը խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում։
«Պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս հնարավորությունը միայն տարածաշրջանային երկրների համար չէ, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, և ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Մենք ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շուտափույթ ավարտ»,– ասել է Ֆիդանը` Շուշիում ելույթ ունենալով թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում։
2022 թվականին Երևանը և Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններով, այսինքն` Արցախը ներառյալ։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։