ՔՊ–ում խոսում են, որ Բաքուն չի ցանկանում սահմանը Ալմա Աթայի հռչակագրով գծել. «Հրապարակ»

Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես, որ Ալմա Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խոսակցություններ կան, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` անդրադառնալով հարցին, թե ինչու չստացվեց սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը համաձայնեցնել ըստ սահմանված ժամանակացույցի։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև հուլիսի 1-ը պետք է ավարտին հասցվեին։
Այդ օրը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովները միմյանց էին փոխանցել կանոնակարգի նախագծերը։ Հայաստանը և Ադրբեջանը նույնաբովանդակ հաղորդագրություններով հավաստիացրել էին` փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, կառուցողական բանակցություններ են ընթանում։
«Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես այն, որ Ալմա Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս: Ադրբեջանի պահանջած տավուշյան 4 գյուղը տալուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991-ին ընդունված այդ փաստաթղթով: Այժմ ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի»,– գրում է թերթը` հավելելով` ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին միակողմանի զիջում պարտադրեց, իսկ առաջիկայում թերևս «նոր իրավական հիմքեր կմոգոնեն, որ այլ վայրերում էլ զիջումներ կորզեն ՀՀ իշխանություններից»:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։