Պղնձի գինը գերազանցել է 1 տոննայի դիմաց 10 հազար դոլարը

Աշխարհում ակնկալում են և՛ աջակցության նոր միջոցներ Չինաստանում, և՛ տոկոսադրույքների նվազում ԱՄՆ-ում, հետագայում էլ` ամբողջ աշխարհում։ Երկուսն էլ պետք է ակտիվացնեն տնտեսությունը, իսկ դա նշանակում է բարձրացնել պղնձի գինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Պղնձի գինը գերազանցել է 1 տոննայի դիմաց 10 հազար դոլարը՝ Չինաստանում վերականգնվող էներգետիկայի համար աջակցության նոր միջոցառումների ակնկալիքով: Շուկայում նման սպասումներ վաղուց կան, բայց գների հերթական աճի համար կատալիզատոր է հանդիսացել Citigroup-ի վերլուծաբանների հայտարարությունն այն մասին, որ, հնարավոր է, միջոցառումների փաթեթը հուլիսի կեսերին ընդունվի ՉԺՀ Կոմկուսի պլենումում։
Դրանից հետո Չիկագոյի բորսայում պղնձի գինը հասել է 10 300 հազար դոլարի, հաղորդում է mining.com ոլորտային պարբերականը։ Շուկայի համար սա առավել կարևոր է, քանի որ անցյալ տարի Չինաստանում պղնձի սպառումը նվազել է անշարժ գույքի շուկայում առկա դժվարությունների պատճառով:
Բորսաներում պղինձը թանկանում է, երկաթը՝ էժանանում. ինչ ազդեցություն կունենա դա ՀՀ-ի համար
Չինաստանի տնտեսությունը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում, վերականգնվող էներգետիկան սպառում է շատ պղինձ (մասնավորապես՝ արևային վահանակների լարերում և ինվերտորներում): Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն յուրաքանչյուր 5 տարին մեկ անցկացնում է յոթ պլենում, և դրանցից երրորդում, որպես կանոն, քննարկվում է երկրի երկարաժամկետ տնտեսական քաղաքականությունը:
Մայիսին նմանատիպ սպասումների ֆոնին Չիկագոյի բորսայում պղնձի գնանշումները գերազանցել են 11 հազար դոլարը մեկ տոննայի դիմաց, իսկ Լոնդոնի բորսայում գրեթե հասել են այդ մակարդակին, որից հետո մի փոքր նվազել են: Սակայն Citigroup-ի վերլուծաբանները վստահ են, որ այս նվազումը պայմանավորված է պղնձի արդյունահանման կարճաժամկետ նվազմամբ։ Դրա պահանջարկը մնում է կայուն. Citi-ի գնահատմամբ՝ պղնձի համաշխարհային սպառումը 2024-ի առաջին կիսամյակում աճել է մոտ 4%-ով՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Պղինձը զգալիորեն էժանացել է դոլարի թանկացման պատճառով․ մանրամասներ
Ավելին, Citi-ն ենթադրում է, որ գները կհասնեն մինչև 12 հազար դոլարի: Դրան կարող է նպաստել ևս մեկ գործոն՝ ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների հավանական նվազումը, որին հաջորդում է ԱՄՆ-ում առանցքային տոկոսադրույքի ենթադրյալ նվազումը: Մի քանի օր առաջ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում գնաճն աստիճանաբար նվազման ճանապարհին է (ինչն էլ շուկայում ընկալվել է որպես ազդանշան այն մասին, որ Դաշնային պահուստային համակարգը պատրաստվում է նվազեցնել տոկոսադրույքները): Տոկոսադրույքների նվազեցումը նշանակում է վարկերի ավելի մեծ մատչելիություն (և, հետևաբար, ներդրողների ավելի մեծ ակտիվություն և տնտեսության աշխուժացում):
Նշենք, որ պղնձի խտանյութը (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) շարունակում է մնալ Հայաստանից արտահանման խոշորագույն հոդվածներից մեկը. 2023-ի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) դրա արտահանումը կազմել է մոտ 230 մլն դոլար։