ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի -Sputnik. 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քաղաքացիներից ստացել է ժամկետանց և անորակ սննդամթերքի վերաբերյալ 4 դիմում-բողոք և 20 ահազանգ: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին տեսչությունից ։
Անմիջապես նշենք, որ տեսչությունը սպանդանոցով չանցած մսի իրացման ոչ մի դեպք չի հայտնաբերել, թեև նախկինում բազմիցս նշվել էր, որ Հայաստանում սպանդանոցների ցանցը ոչ բոլոր մարզերում է կարգավորված (այդ մասին խոսվեց նաև կառավարության հուլիսի 4-ի նիստում)։ Բացի այդ, մանրածախ ապրանքների պահեստավորման ընթացքում ջերմաստիճանի ռեժիմի խախտման դեպքեր չեն գրանցվել (օրինակ՝ սառնարանը կամ սառնարանային ցուցափեղկը ցածր հզորությամբ միացնելու դեպքեր): Նման խախտումներ չեն արձանագրվել նույնիսկ մարզերում, որտեղ չափորոշիչներն այնքան հստակ չեն պահպանվում, որքան Երևանում։ Միաժամանակ պետք է նշել, որ տեսչական մարմնի աշխատակազմը սահմանափակ է և չի կարող մշտական ստուգումներ իրականացնել «բոլոր ճակատներում»։
Ինչ վերաբերում է դիմում-բողոքներին՝ 4-ից 2-ը եղել են հիմնավորված․ մի իրացման ցանցում և մանկապարտեզներից մեկի ճաշարանում հայտնաբերվել են ժամկետանց քաղցրավենիք, կաթնամթերք և ձկնամթերք, որոնք ոչնչացվել են: Խանութը տուգանվել է, իսկ մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։ Եվս մեկ բողոքի հետ կապված ստուգումները դեռ ընթացքի մեջ են։
20 ահազանգերից (հեռախոսով և սոցիալական ցանցերով) 11-ը վերաբերել են առևտրին, հիմնավոր են եղել միայն 2-ը (հայտնաբերվել են ժամկետանց հյութեր, հաց և քաղցրավենիք): Եվս 6-ը վերաբերել են հանրային սննդի կազմակերպմանը. հաստատվել է դրանցից երեքը, ևս մեկ օբյեկտում ստուգումները դեռ չեն ավարտվել։
Վերջապես, ևս երեք բողոք վերաբերել է արտադրության ոլորտին, որոնցից դեռ մեկն է հիմնավորված, մյուս երկուսի վերաբերյալ ստուգումները նույնպես դեռ չեն ավարտվել։
Խախտումներ թույլ տված առևտրի օբյեկտները տուգանվել են, իսկ հանրային սննդի օբյեկտները և արտադրական օբյեկտները փակվել են մինչև խախտումների վերացումը: