ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ այդ պաշտոնում ընտրվելու առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի հետ հարաբերությունները։ Դրանք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն 2 երկրի բարեկամական ժողովուրդների բարօրության»,– ասված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
Փաշինյանը Փեզեշքիանին նաև մաղթել է շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ:
Հիշեցնենք` այսօր հայտնի է դարձել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Իրանի առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանի հաղթանակի մասին։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է. ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ իր երկիրը հարգում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության` վստահեցնելով, որ այդ սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի` անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում։