ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի -Sputnik. Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածություն»,–մանրամասնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Շեշտվում է, որ խաղաղապահ առաքելությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Հիշեցնենք` «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժություն է անցկացվել նաև 2023–իսեպտեմբերին։
Նախորդ տարի Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։
Հրամանատարությունից նշել էին, որ զորավարժությունները Հայաստանի 12–րդ խաղաղապահ բրիգադին կօգնեն նախապատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուն։