ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ղազախստանը պատրաստ է աջակցել խաղաղությանը և ցանկացած պահի հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ– Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում նկատվող դրական միտումները։ Ղազախստանը մշտապես հանդես է գալիս խաղաղապահ ջանքերին աջակցելու օգտին։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեր հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների համար», – հայտարարել է Տոկաևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 10-11-ը, Ղազախստանի նախագահի միջնորդությամբ Ալմաթիում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: