Դիլիջանի հյուրանոցներից մեկում դանակով զինված և դիմակավորված ավազակային հարձակում է եղել

Անհայտ անձը գումար է հափշտակել, ինչպես նաև իր հետ վերցրել է չհրկիզվող պահարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Դիլիջանի «Best Western Paradise Hotel» հյուրանոցում դանակով զինված և դիմակավորված անձը ավազակային հարձակում է իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին։ Անհայտ անձը հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի` 23-ամյա Վրեժ Հ.–ի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին ու բաց դռնով մտել ներս, ձեռքին եղած դանակը պահել է հյուրանոցի աշխատակցի պարանոցին ու պահանջել ցույց տալ դրամարկղի տեղը։ Դիմակավորված անձն այնտեղից հափշտակել է մոտ 600 հազար դրամ»,– գրում է կայքը:
Նշվում է, որ դրանից հետո ենթադրյալ հանցագործը կրկին Վրեժ Հ.-ից պահանջել է մեկ այլ տեղ ցույց տալ, որտեղ նույնպես գումար կա։ Նրան հայտնել են փոքրիկ չհրկիզվող պահարանի մասին։ Դանակով զինված անձը չի կարողացել բացել այն, վերցրել է և նույն պատշգամով դիմել փախուստի:
Իրավապահները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անտառում հայտնաբերել են գողացված չհրկիզվող պահարանը, ադմինիստրատոր-գանձապահը բացել է այն, որտեղ հայտնաբերվել է մոտ 490 հազար դրամ:
Ավազակային հարձակում «Վահագնի» ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Դեպքի փաստով ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: