ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 13 հարց է ընդգրկված։ Մասնավորապես, խորհրդարանականները պատրաստվում են լրացումներ անել Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում, ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ և քննարկել մի քանի հարց։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Ավելի վաղ` կառավարության նիստի ժամանակ, որոշում կայացվեց հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին։ Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը` 2-րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են։
Ինչ վերաբերում է ԿԿՀ անդամներին, ապա նշվում է, որ թեկնածուները Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանն են։ Վերջինս երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնում. առաջին անգամ նրան առաջադրել էին 2023 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը։ Վաղարշ Աղաբեկյանն էլ արցախցի իրավաբան է, աշխատել է Արցախի դատախազությունում։
Օրակարգից տեղեկանում ենք նաև, որ ԱԺ–ում հուլիսի 11-ին քննարկվելու է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով պետությունն իրավունք կստանա հավանության արժանացնել մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվող ոլորտային ներդրումային ծրագրերը։ Քննարկվելու է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը` նույն զորամասում ժամկետային ծառայություն անցնող 2 եղբոր ծառայության հարցով:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նստաշրջանն ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից։
Հերթական նստաշրջանի ավարտից՝ հունիսի 20–ից հետո ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները կարող են Ազգային ժողովում քննարկվել սեպտեմբերից գումարվող հերթական նիստերի ընթացքում:
Առաջարկվում է նախագծերի 2–րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: