ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) մասնակից երկրներում ապահովում է կայունացման ֆինանսավորման 40%-ը։ Տվյալները հրապարակվել են ԿԶԵՀ ռազմավարական նստաշրջանի ժամանակ:
Միջոցառման ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները, ամփոփվել են 2022-2026 թվականների ռազմավարության կատարման միջանկյալ գնահատման արդյունքները։
Հիմնադրամը առանցքային աջակցություն է ցուցաբերում մասնակից պետությունների կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս ոլորտում ԿԶԵՀ-ի կողմից իրականացվող բոլոր նախագծերը ներառված են ազգային ծրագրերում:
Արդեն աջակցություն է ստացել տնտեսական բարեփոխումների 3 ծրագիր։ Այդ նպատակների համար Հայաստանին հատկացվել է 100 մլն դոլար, Ղրղզստանին՝ 160 մլն դոլար, Տաջիկստանին՝ 100 մլն դոլար։
Հիմնադրամը դարձել է մասնակից պետություններին տեխնիկական աջակցության տրամադրման և տարածաշրջանային ու գլոբալ փորձաքննության փոխանցման հիմնական կենտրոններից մեկը: Մասնավորապես, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ միջազգային մեթոդաբանությամբ հաջողությամբ իրականացվում է Հայաստանի պետական գնումների համակարգի գնահատումը: Մասնակից պետություններում պարբերաբար անցկացվում են գնումների կառավարման, ֆինանսների, նախագծերի բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն ավելի քան $9 մլրդ ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Դրա նպատակներն են նպաստել հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը: