Երևանում ՀԷՑ–ի 4 աշխատակցի են ծեծել, 3–ին տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկանությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու և մասնակիցների շրջանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների են ծեծի ենթարկել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հուլիսի 4–ին` ժամը 01։20-ի սահմաններում, «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:
Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչ 64-ամյա Գնել Ա․–ի հետ հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով մեկնել են Ռուբինյանց փողոցի ենթակայաններից մեկը, որտեղից իբր հրդեհի ահազանգ է եղել:
Տեղում պարզվել է, որ հրդեհ չի եղել։ Մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել են նրանց վրա և ծեծի են ենթարկել Սերյոժա Ե․-ին, Սևակ Վ․-ին, Վահան Զ․-ին և Գնել Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Պարզվել է, որ ծեծի ենթարկող անձանցից են ոմն Քանաքեռցի Սայաթի որդի Արտյոմը, Երևանի բնակիչ 44-ամյա Վլադիմիր Մ․-ն և 45-ամյա Հայկ Դ․-ն, որիձեռքին այդ պահին եղել է հրազենին նմանվող առարկա»,–գրում է կայքը:
Ոստիկանությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում դեպքի ամբողջական հանգամանքները և մասնակիցների շրջանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։