ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բաքուն կարող է ճնշել Երևանին` միջազգային ատյաններում դատական հայցերից հրաժարվելու համար, սակայն Երևանը պետք է խոհեմ և զգուշավոր լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ խաղաղության գործընթացի շրջանակում հնարավոր է կողմերը հրաժարվեն միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում դատական հայցերից։
Նրա պնդմամբ` այդ գործընթացը Հայաստանի շահերից չի բխում, բայց բանակցային գործընթացում, ցավոք, որպես նախապայմաններ թելադրող Ադրբեջանն է հանդես գալիս։
Վստահեցրեց` Բաքվի հայցերն արհեստածին են և զուրկ փաստարկվածությունից, հետևաբար Ադրբեջանն այդ հայցերից հրաժարվելով որևէ կերպ չի վնասում սեփական ազգային շահերը։ Ընդգծեց` Հայաստանի հայցերը հիմնավոր են` կա ՀՀ սուվերեն իրավունքի խախտում, զոհերի նկատմամբ միջազգային պարտավորությունների խախտում և այլն։
«Ինտենսիվ ճնշումների պարագայում հնարավոր է նման բան։ Կարծում եմ, որ անգամ այդ ճնշումների դեպքում Հայաստանը պետք է ավելի խոհեմ և զգուշավոր գործելակերպ որդեգրի, որի այլընտրանք կարող է լինել դատական գործընթացներում հաշտության համաձայնություններ կնքելը։ Այսինքն` ոչ թե դատական գործընթացներից հրաժարվելը և արտադատական քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելը, այլ հենց ընթացող դատական գործընթացի շրջանակում հաշտության համաձայնություններ կնքելը»,– ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով` դրանք հետագայում ՀՀ–ին կարող են իրավական ավելի մեծ պաշտպանվածություն տալ։