Հայաստանում այսօր նշվում է մեր երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրը։ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին սահմանադրությունը։ Անցած 29 տարիների ընթացքում Սահմանադրությունը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Այս տարվա մարտ ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ նոր սահմանադրության փոփոխությունների հայեցակարգ չկա, տեքստ չկա, այլ կա քաղաքական խոսույթ։
Ի վերջո, կա՞ արդյոք անհրաժեշտություն նոր սահմանադրության, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Մեր պետությունն այսօր անհրաժեշտություն ունի որակապես նոր Սահմանադրության, սակայն ոչ այնպիսի, ինչպես դա պատկերացնում է իշխանությունը»,-նշում է սահմանադրագետը։