Հայաստանին կրկին ակնարկել են՝ երկիրը դեռ կարող է միանալ Միջին (Տրանսկասպյան) միջանցքին։
Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն Ադրբեջանում ճեպազրույցի ժամանակ «Միջին միջանցքն» անվանել է տարածաշրջանի համար կարևոր նախագիծ նշելով, որ «Հայաստանի և Թուրքիայի միջոցով միջազգային շուկա դուրս գալու հիանալի հնարավորություն կա»:
Ավելի վաղ Հայաստանը «Միջին միջանցքում» որպես տրանսպորտային երակ դիտարկելու մասին հայտարարում էին Թբիլիսիում և նույնիսկ Անկարայում, սակայն Երևանի գործնական մասնակցությունը քաղաքական (Բաքվի դիրքորոշումը) և աշխարհագրական (ենթակառուցվածքի բացակայությունը) պատճառներով քիչ հավանական է։ Այդ մասին է վկայում նաև նախագծի իրականացման շուրջ առաջիկայում Թուրքիայում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին միայն Թբիլիսիի, Աստանայի և Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը:
Փոքր-ինչ՝ ՏՄՏՄ նախագծի մասին
Սա միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի՝ ցամաքային, Կասպից ծովի՝ ջրային, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով՝ դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ։
Երթուղու ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013թ. նոյեմբերին Աստանայում տեղի ունեցած «Նոր Մետաքսի ճանապարհ» II միջազգային տրանսպորտա-հաղորդակցային գործարար համաժողովի շրջանակներում «Ազգային ընկերություն» ԲԸ, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների կողմից: Երթուղին սինխրոնիզացվելու է չինական «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության հետ, դրա մի մաս է հանդիսանում նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը:
«Միջին միջանցքի» նպատակը երթուղիները առավելագույն ներդաշնակ դարձնելը և ըստ այդմ՝ բեռների փոխադրումը դյուրացնելն է։ Ներկայումս գործարկված է հարթակ, որը համակարգելու է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։ Ղազախստանն ու Չինաստանը Միջին միջանցքով իրականացրել են փորձնական բեռնափոխադրումներ (բազմաեղանակ փոխադրամիջոցներով), Իսկ Բաքուն ու Պեկինը ՏՄՏՄ-ով բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու մասին հուշագիր են ստորագրել: Մոտ ժամանակներս Բաքու կժամանի Չինաստանի Ցզյանսու նահանգից առաջին բլոկ-գնացքը, որը մեկնակետից ուղևորվել էր հունիսի 20-ին:
Ինչպե՞ս կարող է ներգրավվել Հայաստանը
Եթե ելնենք լոգիստիկ հաշվարկներից, ապա նախագծին Հայաստանի ներգրավումը հնարավոր է երկաթգծի միջոցով ։ Տեսականորեն «Միջին միջանցքը» կարող է զուգակցվել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության ուղղություններից մեկի հետ։ Այսպիսով, Երևանը կարող է միանալ ՏՄՏՄ-ին Կայան-Հրազդան ճյուղի միջոցով։ Ըստ այդմ, Չինաստանից բեռները Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից՝ նշված ճյուղով Հայաստան, ապա՝ Թուրքիա (Ախուրիկով)։ Սյունիքի մարզի տարածքում նախկին խորհրդային երկաթգծի վերականգնման դեպքում ՏՄՏՄ-ի առանձին ճյուղավորում հնարավոր է անցկացնել նաև Վրաստան և Իրան։
Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից բեռները կարող են կոնտեյներներով հասնել իրանական Չաբահար նավահանգիստ, ապա Իրանից Հայաստան և այնտեղից Եվրոպա՝ Սև ծովի նավահանգիստներով։
Այս դեպքում Հայաստանը դառնում է կապող օղակ ոչ միայն մի քանի երկրների, այլև տրանսպորտային միջանցքների համար։ Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում Հայաստանը կարող է Վրաստանի հետ համատեղ միանալ ՏՄՏՄ–ին, եթե օգտվի Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղուց: Ներկայում այս ուղին հասանելի չէ Հայաստանին, քանի որ Բաքուն դեմ է, որ հայկական բեռներն անցնեն դրանով։
Վերջին իրադարձությունների հաշվառմամբ, Հայաստանը կարող է տարանցիկ հանգույց դառնալ մի շարք տրանսպորտային նախագծերում։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մեր երկիրը պետք է լուծի հաղորդակցային և ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ։