ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում 2024 թ. մայիսի 25–26–ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից տուժածների բնակարանի կամ տան կորուստն ամբողջովին կփոխհատուցվի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս դեպքում կտրվի բնակարանի գնման վկայագիր, և կփոխհատուցվեն տան վերանորոգման գումարը, կենցաղային առաջնային գույքի վնասները։
Հիմնական զեկուցող ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ ամբողջությամբ կփոխհատուցվի 16 բնակարանի և երկու առանձնատան ձեռքբերման գումարը։
«263 վնասված, փլուզված առանձնատներից 98–ի համար 1 քմ տարածքի վերանորոգման համար կտրամադրվի 60 հազար դրամ։ Երկրորդ գոտում գտնվող մյուս բնակարաններին կտրամադրվի 40 հազար դրամ»,– հայտնեց նա։
Նախարարն ավելացրեց, որ աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15–ից մինչև սեպտեմբերի 30–ը՝ համայնքապետարանների միջոցով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 մլն 200 հազար դրամ, 2–րդ գոտում՝ 800 հազար դրամ, և պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %–ը ծախսվի անկանխիկ եղանակով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա։
«Ալավերդում շենք կա՝ 16 բնակարանից բաղկացած։ Իրականում այդ 16 բնակարանից միայն 6–ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել։ Քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2–րդ և 3–րդ հարկերի բնակիչները, այսինքն` ևս 10 բնակարանատեր։ Իսկ առանձնատների թիվը ճշտվում է. մեզ 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»,– նշեց Խաչատրյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին ասաց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնքի 39 բնակավայր։
Նրա խոսքով` առաջին գոտում ընդգրկված են Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով, և այստեղի քաղաքացիները կստանան 60 հազար դրամ 1 քառ մետրի վերանորոգման համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։