Խիստ զննում և «պերսոնա նոն գրատա». Flyone-ը՝ Երևանից ուղևորների համար նոր կանոնների մասին

Միջոցառումներն անհրաժեշտ են ազգային տարածքը ծայրահեղական, ահաբեկչական կամ դիվերսիոն գործունեության նպատակով օգտագործելը կանխելու համար․ այդպիսի գործողությունները կարող են ապակայունացնել երկրի սահմանադրական կարգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Flyone ավիաընկերությունը Երևան-Քիշնև չվերթների ուղևորների համար ճանապարհորդության նոր կանոններ է սահմանել: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Վերջին իրադարձությունների համատեքստում, որոնք ազդել են թռիչքների անվտանգության, ինչպես նաև Երևան-Քիշնև երթուղով թռչող ուղևորների հարմարավետության վրա, FLYONE-ը սահմանում է ուղևորությունների նոր կանոններ, որոնք գործում են Երևան-Քիշնև բոլոր չվերթերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, ավիաընկերությունը թռիչքից առաջ Երևան-Քիշնև չվերթերի ուղևորների ցուցակը կփոխանցի Մոլդովայի իրավասու մարմիններին: Իշխանությունները լրացուցիչ ստուգումներ կանցկացնեն թռիչքից և վայրէջքից առաջ՝ անվտանգությանը ցանկացած հավանական սպառնալիք հայտնաբերելու և կանխելու համար:
Ուղևորությունը կկարողանան շարունակել միայն այն ուղևորները, որոնք թռիչքի թույլտվության հաստատում կստանան: Այն ուղևորները, որոնց մերժել են կամ ճանաչել են «պերսոնա նոն գրատա», չեն կարողանա ճանապարհորդել, և գնված տոմսի արժեքը նրանց չի փոխհատուցվի:
Երևան–Քիշնև ինքնաթիռի վայրէջքը չի հաստատվել ավիափոխադրողի մեղքով. Մոլդովայի քաղավիացիա
Երևանում բոլոր ուղևորները պետական սահմանը հատելիս և (կամ) ինքնաթիռ նստելիս կենթարկվեն անվտանգության լրացուցիչ ստուգման:
FLYONE-ով Երևան-Քիշնև չվերթի համար կանխիկ գումարի տեղափոխման սահմանափակումը դառնում է 3 հազար դոլար կամ դրան համարժեք գումար՝ ցանկացած այլ արժույթով: Իրավասու մարմինները կստուգեն նաև այս միջոցները։
Սահմանաչափը գերազանցող գումար ունեցող անձինք և նրանք, ովքեր չեն կարողանա բացատրել գումարի ծագումը, չեն կարողանա շարունակել ճամփորդությունը։
«Ուղևորները պետք է օդանավակայանում լինեն մեկնելուց առնվազն 4 ժամ առաջ, որպեսզի անցնեն թռիչքի անվտանգությունն ապահովող բոլոր անհրաժեշտ ձևականությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունը նշում է, որ միջոցառումներն անհրաժեշտ են ծայրահեղական, ահաբեկչական կամ դիվերսիոն գործունեության նպատակով ազգային տարածքի օգտագործումը կանխելու համար, այդպիսի գործունեությունը կարող է ապակայունացնել սահմանադրական կարգը և սպառնալ պետության անվտանգությանը:
FLYONE ավիաընկերությունը գործարկվել է 2016 թվականին և կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ Մոլդովայի խոշորագույն ավիափոխադրողը: 2022 թվականին ընկերությունը դարձել է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ։ Ներկայումս ընկերությունը չվերթներ է իրականացնում 60 ուղղություններով:
Երևանում վերանստեցմամբ FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթներ դեպի Նիս, Բարսելոնա, Տիվատ, Միլան, Փարիզ, Լիոն, Լառնակա, Դյուսելդորֆ, Թբիլիսի, Մոսկվա, Վնուկովո, Դոմոդեդովո, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ, Սամարա, Սոչի, Ստամբուլ, Դուբայ, Բեյրութ, Թեհրան, Թել Ավիվ, Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: