ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին առաջարկում է համատեղ ազատ տնտեսական գոտիների ցանց ստեղծել և արտոնյալ ու ազատ առևտրի համաձայնագրեր կնքել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը Ղազախստանում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների նիստում։
«Հաշվի առնելով, որ տարանցիկ ու առևտրային գործունեությունը միմյանց փոխլրացնում են` առաջարկում ենք կազմակերպության մակարդակով ստեղծել համատեղ ազատ գոտիների ցանց ու կնքել այնպիսի տնտեսական փաստաթուղթ, ինչպիսին է արտոնյալ և ազատ առևտրի մասին համաձայնագիրը», - Մոհբերի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ ՇՀԿ անդամները կարող են ավելի էժան և արագ առևտուր անել այլ երկրների հետ՝ օգտագործելով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը և Իրանի հարավային նավահանգիստները:
ՇՀԿ գագաթաժողովը կազմակերպվել է Աստանայում հուլիսի 3-4-ը։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, կատարի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի պետությունների և կառավարությունների ղեկավարները:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Այսօր` հուլիսի 4-ին, Բելառուսը նույնպես դարձավ կազմակերպության անդամ: Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն, Թուրքիան և Շրի Լանկան: