ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հուլիսի 11–ին կանցկացվի ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2–րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են»,– ասված է հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է հունիսի 20–ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից:
Հերթական նստաշրջանի ավարտից՝ հունիսի 20–ից հետո ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները կարող են Ազգային ժողովում քննարկվել սեպտեմբերից գումարվող հերթական նիստերի ընթացքում:
Առաջարկվում է նախագծերի 2–րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: