Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Էրդողանը հիմա չի կարող միջնորդ լինել․ Պեսկովը պարզաբանել է՝ ինչու

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցություններում Թուրքիայի առաջնորդի միջնորդության հավանականության մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս պահին չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում, քանի որ Կիևը մերժում է ցանկացած բանակցություն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին նա իսկապես չի կարող, քանի որ այս պահին Ուկրաինան մերժում է Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած բանակցություն՝ միջնորդներով, թե առանց»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ «Ուկրաինան վճռականորեն մերժել է Պուտինի խաղաղության ծրագիրը», որն ավելի վաղ ՌԴ նախագահը հնչեցրել էր արտաքին գործերի նախարարությունում:
«Այդ պատճառով այս պահին ոչ Էրդողանը, ոչ էլ որևէ այլ մեկը չեն կարող միջնորդ լինել»,-հստակեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։