Էրդողանը չեղարկել է իր այցը. նա ոչ թե Ադրբեջան կմեկնի, այլ Գերմանիա. ԶԼՄ

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահը որոշել է ներկա լինել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը պետք է անցկացվի Ադրբեջանում. նա որոշել է դիտել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք Թուրքիա–Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` այս որոշումը կապված է նաև Թուրքիայի հավաքականի խաղացող Մերիխ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ (ՈւԵՖԱ-ն նրա նկատմամբ հետաքննություն է սկսել, քանի որ ֆուտբոլիստը ցուցադրել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը
Հուլիսի 3-ին Թուրքիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում: Դեմիրալը դարձավ դուբլի հեղինակ և ցուցադրեց թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը։
Հեռուստաալիքը նշում է` Էրդողանը Գերմանիա կմեկնի, որպեսզի այդ միջադեպից հետո բարձրացնի թուրք քաղաքացիների մարտական ոգին, ցույց տա, որ նրանց հետ է: Թուրքիայի նախագահի ծրագրերի մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել։
Հիշեցնենք` հուլիսի 3-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրգեն Շուլցին՝ ՈւԵՖԱ-ի կողմից Դեմիրալի նկատմամբ կարգապահական հետաքննություն սկսելու պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ի հետաքննությունն անթույլատրելի է, իսկ Գերմանիայի իշխանության վերաբերմունքը` քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և այլատյաց: