ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել CPT-ի հետ

Թեոդորոս Ռուսոպուլոսը
ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերից է բխում Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ շատ ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ համագործակցությունից հրաժարվելու որոշման համար, ինչը հանգեցրել է CPT-ի ներկայացուցիչների այցի չեղարկմանը։
Ռուսոպուլոսն իր հայտարարության մեջ նշել է, որ իրեն մտահոգել է նաև կոմիտեի՝ Ադրբեջան կատարած ժամանակավոր այցի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները:

Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը։

«Խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելքը, որը քաղաքակրթության արժեք է, սերտորեն կապված է մարդկային արժանապատվության հարգման հետ, բացարձակ է, որից որևէ շեղում անթույլատրելի է: Հետևաբար կարևոր է պահպանել բաց և արդյունավետ համագործակցությունը CPT-ի հետ՝ դրա իրականացումն ապահովելու և կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի ցանկացած ձև կանխելու համար»,– նշել է նա:

ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել CPT-ի հետ կառուցողական երկխոսություն սկսել ։
«Սա ոչ միայն կօգնի բարելավել Եվրախորհրդի հետ ընդհանուր հարաբերությունները, այլև կծառայի Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար շահերին»,- նշել է Ռուսոպուլոսը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերից է բխում Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն հուլիսի 3-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են կառույցի հետ համագործակցությունից։
CPT-ն իր զեկույցներում մանրամասնել էր, որ շարունակում է մեղադրանքներ ստանալ ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների մասին, այդուհանդերձ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել՝ իրականացնելու կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու նման գործելակերպը։
Պաշտոնական Բաքուն պատասխանել է CPT–ի հայտարարությանը` նշելով, որ կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել ու ամբողջությամբ հրապարակել 2022 թվականին իրականացված հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը՝ առանց Ադրբեջանից համապատասխան համաձայնություն ստանալու։