ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Դատարանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և գրավը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Երեկ տեղեկացրել էինք, որ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը բերման են ենթարկվել։
«Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք (2 ամսով) և 30 մլն դրամ գրավ։ Նրա տեղակալ Գեղամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 1 ամսով, իսկ Դավիթ Բալասանյանի նկատմամբ` 2 ամսով»,– ասաց Նովրուզյանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 3-ին հայտնել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, ինչի արդյունքում կան ձերբակալվածներ։
Ըստ ՔԿ–ի` անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, որը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։