ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողություններից հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 8 անձի մեղադրանք է ներկայացվել, այդ թվում 3 պաշտոնատար անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դատարանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և գրավը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Երեկ տեղեկացրել էինք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը բերման են ենթարկվել։
«Մեղադրյալներից 4-ի, այդ թվում 2 պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ` տնային կալանքը և գրավը` 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հանցակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության հոդվածներով։
Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։