Մի կառավարություն, որը տեր չկանգնեց Արցախին, ո՞ր տրամաբանությամբ է որոշելու մերժել արցախցիներին․ Արծվիկ Մինասյան

Sputnik
ԱԺ աշնանային նստաշրջանում ընդդիմությունը հանդես կգա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ․Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Օրենսդրական փոփոխության նպատակը, նրա խոսքով, բռնի տեղահանված արցախցիներին կուտակային ֆոնդերում կուտակված իրենց գումարները ստանալու հնարավորություն ընձեռելն է։ Խորհրդարանը հունիսի 11-ին մեկ այլ օրինագիծ էր ընդունեց, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր: Սակայն արցախցիներն ասում են, որ իրենց ոչ թե միջոցների կառավարումն է անհրաժեշտ, այլ այդ միջոցներին օգտվելու հնարավորությունը, քանի որ իրենք կորցրել են ամեն ինչ։
«Բայց այստեղ իրավասությունների հարց է առաջանում, մի կառավարություն, որը ընդհանրապես տեր չկանգնեց Արցախին ու Արցախի բնակչությանը, ժողովրդի իրավունքներին, ո՞ր տրամաբանությամբ է որոշելու, որ նման ձևով կարող է մերժել արցախցիների գումար ստանալը»,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնության մանրամասները դեռ քննարկվում են։