Պետք է նոր լիցք հաղորդենք Հայաստան–Վրաստան հարաբերություններին. Ջոնի Մելիքյան

Sputnik
Հայ–վրացական քաղաքական երկխոսությունն այսօր բարձր մակարդակի վրա է, և կարիք կա, որ այդ քաղաքականից անցում կատարենք պրակտիկ համագործակցության. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը` մեկնաբանելով ԱԳ նախարարի Վրաստան կատարած այցի արդյունքները։
«Պետք է նոր լիցք հաղորդենք մեր հարաբերություններին»,– ասել է Մելիքյանը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով Թբիլիսիում էր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը քննարկվել են ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության այն ուղղությունների զարգացմանը, որոնք նշված են 2024 թվականի հունվարին երկրների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրում։
Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:
Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ առողջ երկխոսության մեջ է և շահագրգռված է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ։