ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 23 անհետ կորած զինծառայողների ընտանիքները 300 հազարական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև օգոստոս ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:
Այս որոշումը պարբերաբար երկարաձգվել է, և նախորդ ժամկետը լրանում էր այս տարվա հուլիսի 1–ին։
2024 թ. հուլիս–օգոստոս ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ:
Հիշեցնենք` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի քաղաքական ղեկավարները. ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։