Աստանայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուս-չինական հարաբերություններն այսօր կառուցվում են փոխադարձ շահերի և ինքնիշխանության հարգանքի վրա. Ռուսաստանն ու Չինաստանը ոչ մի դաշինք չեն ստեղծում, չեն համագործակցում որևէ մեկի դեմ, այլ գործում են ի շահ իրենց ժողովուրդների։
«Մեկ անգամ չէ, որ հիմնավորմամբ փաստել ենք, որ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերություններն իրենց պատմության մեջ լավագույն շրջանն են ապրում, դրանք կառուցվում են իրավահավասարության, փոխշահավետության և միմյանց ինքնիշխանությունը հարգելու սկզբունքների հիման վրա», - ասել է Պուտինը:
Չինաստանի ղեկավարն իր հերթին նշել է, որ բազմակողմ միջոցառումների շրջանակներում երկկողմ բանակցությունների անցկացումը ռուս-չինական հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ է: Նա ավելացրել է, որ 2024 թվականի մայիսին Պուտինի այցը Չինաստան թույլ տվեց նախանշել հարաբերությունների զարգացման առաջնահերթ ուղղությունները։
«Այժմ լիարժեքորեն իրագործվում են մեր պայմանավորվածությունները, կայուն կերպով առաջ է ընթանում մեր բազմապլան համագործակցությունը նախանշված ուղեգծով։ Բոլորովին ոչ պարզ միջազգային իրավիճակի պայմաններում մենք պետք է հավերժ հավատարիմ մնանք բարեկամությանը, քրտնաջան աշխատենք հանուն ժողովուրդների բարեկեցության, բազմապատկենք ռուս-չինական հարաբերությունների եզակի արժեքները, խորացնենք համագործակցությունը», - ասել է Սի Ծինփինը։
Այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից առաջ Պուտինն արդեն հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Թուրքիայի ղեկավարների հետ: Երեկոյան նա կզրուցի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, իսկ հետո կմասնակցի գագաթնաժողովի մասնակիցների համար նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքին։
Պուտինը հուլիսի 3-ի առավոտյան է ժամանել Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին, որն անցկացվելու է «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո:
Գագաթնաժողովի մասնակիցները նախատեսում են ստորագրել 24 համատեղ փաստաթղթերից բաղկացած փաթեթ, ինչպես նաև ընդունել ամփոփիչ հռչակագիր և հայտարարություն, որը կհաստատի միավորման մասնակիցների հավատարմությունը բարիդրացիության և միասնության սկզբունքներին: