Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է իրագործել պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ առողջ երկխոսության մեջ է։ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպես նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը։ Պատրաստ ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնել։ Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք»,– նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունը կարևոր է համարում, որ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: