Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է որակել ՈւԵՖԱ-ի արձագանքը ֆուտբոլիստի սկանդալային ժեստին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել ՈւԵՖԱ-ի և Գերմանիայի իշխանության արձագանքը Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի ժեստին՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո:
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում Թուրքիան 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային։ Երկու գոլերն էլ մրցակցի դարպասն ուղարկեց պաշտպան Մերիխ Դեմիրալը:
Իր գոլերից մեկը նա տոնեց մի ժեստով, որն ասոցացվում է թուրք ծայրահեղ ազգայնականների հետ։ Երկրորդ գոլից հետո նա ցույց տվեց «Գորշ գայլերի» ժեստը, որը Թուրքիայում խորհրդանշում է ազգային հպարտությունը, բայց նաև օգտագործվում է աջ ծայրահեղականների կողմից: Այս ժեստն արգելված է Ավստրիայում և Ֆրանսիայում։ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ:
«Անընդունելի է, որ ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել մեր ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի նկատմամբ 2024 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակում երեկ Ավստրիայի հավաքականի դեմ խաղից հետո: Կարևոր է նշել, որ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության զեկույցում, որը հրապարակվել է 2023 թվականի սեպտեմբերին, ընդգծվում է, որ «բոզկուրտ» նշանն օգտագործող յուրաքանչյուր մարդ չէ, որ աջ ծայրահեղական է: Այս նշանը Գերմանիայում արգելված չէ, ուստի գերմանական իշխանության արձագանքը Դեմիրալի նկատմամբ այլատյացական է» - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է սպորտային միջոցառման ժամանակ «պատմական և մշակութային» խորհրդանիշի օգտագործման` «քաղաքական դրդապատճառներով» պայմանավորված արձագանքը։ Նշվել է, որ խորհրդանիշի ցուցադրումն ուղղված չէր որևէ մեկի դեմ:
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել «Գորշ գայլեր»-ին
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն Եվրո-2024-ի աշխատանքից հեռացրել էր Կոսովոյի ալբանացի լրագրող Արլինդ Սադիկային՝ սերբ երկրպագուների հասցեին ալբանական արծվի ժեստի համար: Նաև գործ է բացվել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի դեմ՝ Սլովակիայի հավաքականի պահեստայինների նստարանի ուղղությամբ արված վիրավորական ժեստի համար։
Քառորդ եզրափակիչում Թուրքիայի հավաքականը կմրցի Նիդեռլանդների թիմի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Բեռլինում: