Փաշինյանը գիտի` 50+1 քվե չի ստանա. Սուրենյանցը` սահմանադրական փոփոխության մասին

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Քաղաքագետը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեք որևէ խնդիր չի ունեցել կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու վերաբերյալ ու համերաշխ ապրել է այդ դրույթի հետ 2018, 2021 թվականների ընտրություններից առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները Սահմանադրության մեջ ցանկանում են փոփոխություններ անել, որպեսզի ինչպես Երևանի քաղաքապետարանում արվեց, խորհրդարանում էլ հնարավոր լինի փոքրամասնությամբ վարչապետ ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով այն հարցին, որ իշխող քաղաքական ուժը մտադիր է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական պահանջից։
Նշենք, որ գործող Սահմանադրությամբ, Ազգային ժողովում պետք է ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն և, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով այն չի ձևավորվում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ:
Ստացվում է, որ կայուն մեծամասնության դեպքում ընդդիմությունը շատ քիչ ազդեցություն է ունենում խորհրդարանում, և այդ պահանջի վերացումը կարող է դրական ազդել ընդդիմության դերի մեծացման հարցում։ Թե ինչու է հենց հիմա իշխանությունը նման փոփոխություն ցանկանում անել, քաղաքագետն այս հարցին ի պատասխան հիշեցնում է Երևանի ավագանու` ոչ վաղ անցյալում կայացած ընտրությունը, որի արդյունքում քաղաքապետ դարձավ մոտ 32 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչը։
«Եթե ստանդարտ իրավիճակներում այդ հարցը քննարկվեր, ես ինքս դեմ կլինեի մեծամասնության դրույթին։ Չմոռանանք, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը երբեք որևէ խնդիր չի ունեցել և համերաշխ ապրել է այդ դրույթի հետ 2018, 2021 թվականների ընտրություններից առաջ։ Այդ միտքն իր մոտ առաջին անգամ առաջացել է Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո, ես շատ ստույգ եմ հիշում։ Այո, դա քաղաքական կոնյուկտուրայով է պայմանավորված։ Ինքը ստույգ գիտի, որ կայուն մեծամասնության ձևավորման ճանապարհով վարչապետ դառնալու ռեսուրս կամ հնարավորություն այլևս գրեթե չունի»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի պնդմամբ` Տիգրան Ավինյանի` փոքրամասնությամբ քաղաքապետ ընտրվելու նախադեպը հաշվի առնելով` փորձում են մեխանիզմ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի նաև խորհրդարանում փոքրամասնությամբ վարչապետ ունենալ։ Եվ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հերթական օրենսդրական փոփոխությունն են ցանկանում իրականացնել։
«2018 և 2021 թվականներին այդ դրույթի մասին Փաշինյանը որևէ խոսք չի ասել, որովհետև իր մոնիթորինգը թույլ է տվել ենթադրել, որ այդ խնդիրն (անցողիկ շեմը հաղթահարելու – խմբ.) իր համար հաղթահարելի է։ Հիմա ինքը ստույգ գիտի` ընտրությունները երբ էլ լինեն, իր համար այլևս լուծելի հարց չէ։ Նա միանշանակ վստահ է` այլևս կայուն մեծամասնություն չունի։ Փաշինյանը գիտի` որևէ ընտրությունում 50+1 քվե չի ստանա»,– ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց` իշխանությունների հույսն այն է, որ ընդդիմությունը չի կարողանա համախմբվել և առավելագույն ձայներով վարչապետ ընտրել։
Սուրենյանցը շեշտեց` Եվրոպայի համար միևնույնն է, թե ինչ փոփոխություն կամ օրենսդրական կարգավորում է անում ՀՀ կառավարությունը, որն ակնհայտ ավտորիտար չի լինի` կողջունեն։
Խորհրդարանի մեծամասնությունը չարաշահում է սահմանադրական մեխանիզմները. Հարությունյան