Կոբախիձեն ու Միրզոյանը ռազմավարական ու տնտեսական գործակցության խորացման հարցեր են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդիպել են
Վրաստանի վարչապետը կրկին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը ։
Կողմերն անդրադարձել են համագործակցության այն ուղղությունների զարգացմանը, որոնք նշված են 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների կողմից ստորագրված «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրում։
Վրաստանի վարչապետը վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թբիլիսի է մեկնել պաշտոնական այցով։ Միրզոյանը վերջին անգամ աշխատանքային այցով Վրաստանում էր եղել 2022 թվականի մարտին։