ՀՀ-ն այժմ անկանխատեսելի գործընկեր է թե՛ դաշնակցի, թե՛ հակառակորդի համար. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյան
Վերլուծաբանը հատկանշական է համարում, որ ցանկացած միջին գործարար շատ լավ գիտի, որ իր բիզնեսը ԵԱՏՄ շնորհիվ է զարգանում։
Sputnik
Հաշվի առնելով ՌԴ–ի հետ խորը տնտեսական կապերը և ԵԱՏՄ–ում անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքը` ՀՀ իշխանությունները վաղ թե ուշ սկսելու են պրոռուսական երանգներ մտցնել իրենց արտաքին քաղաքականությունում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ` այն պայմաններում, երբ ՌԴ–ն ՀՀ–ի ամենաազդեցիկ դաշնակիցն է, գործող իշխանությունները մեկ երկրի առաջին դեմքերով գնում են դեպի ԵՄ, մեկ հետ են վերադառնում դեպի Ռուսաստան, ինչը չի կարող անհետևանք մնալ։
«Սա խելագարանոց է։ Ինչքան ասենք ժողովրդին` մի թողեք ձեզ խաբեն, ձեզ քշում են հոտի նման մի տեղ, ասում են` վա՜յ, չեղավ, մի տեղ կորուստներ կունենաք, մի քիչ զոհեր կտաք, բայց էլի հետ ենք գնում։ Խոսքս հիշեք` իշխանություններն աստիճանաբար սկսելու են պրոռուսական երանգներ փնտրել։ Մինչև մեզ ՌԴ փոխվարչապետն ասում է` ԵԱՏՄ–և ԵՄ–ն համատեղելի չեն, որոշում կայացրեք. հնարավոր չէ օգտվել մեր տնտեսական բարիքներից, ձեր էկոնոմիկան զարգացնել, բյուջեն լցնել, բայց գնալ մեր հակառակորդ համակարգում ինտեգրվել, այստեղ նոր իշխանությունները սկսում են մտածել` կարո՞ղ է՝ ճիշտ է ասում»,–ասաց Հովհաննիսյանը։
Վերլուծաբանը հատկանշական է համարում, որ ցանկացած միջին գործարար շատ լավ գիտի, որ իր բիզնեսը ԵԱՏՄ շնորհիվ է զարգանում։ Իսկ ԵՄ–ում, նրա խոսքով Հայաստանին ո՛չ հրավիրել են, ոչ էլ սպասում են։
Ավելին` իշխանությունն էլ դա հասկանում է, երբ հայտարարում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի։
«Եթե չպիտի գնաք Եվրոպա, չպիտի անեք հանրաքվե, այդ դեպքում քո անվտանգության խորհրդի քարտուղարը կամ այլ պաշտոնյաները ինչո՞ւ են մինչև վերջ սրում հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Լավ, այս երկիրը փորձաքա՞ր է, էքսպերիմենտալ ինչ–որ բա՞ն է, որ առանց որևէ տեղից անվտանգության երաշխիքի դու սրում ես քո ամենաազդեցիկ դաշնակցի հետ հարաբերությունները։ Եթե դու թշնամացար ՌԴ–ի հետ, նա շատ վտանգավոր երկիր կդառնա։ Ինչո՞ւ ես անում, մեղք չի՞ էս ժողովուրդը»,–նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Փարիզում սուրճ խմելը գայթակղիչ է, բայց գին ունի. Արամյանը` ԵԱՏՄ–ից ԵՄ շրջադարձի մասին
Նույն Արևմուտքը 2020 թվականից հետո լուրջ մեսիջներ է հղել Հայաստանին, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու թեման փակի, քանի որ որևէ մեկը ոչ անվտանգային երաշխիքներ է տալու, ոչ է լ ՆԱՏՕ–է կանչելու, իսկ իշխանությունը այդ մեսիջներից հետևություններ անելու փոխարեն կոնֆլիկտի մեջ է մտել ՀԱՊԿ–ի հետ և սառեցրել հարաբերությունները։
«էս երկիրը չունի պաշտոնական Երևանի քաղաքականություն, չունի արտաքին քաղաքականություն, ստրատեգիական շահեր, գոնե միջնաժամկետ պլանավորում։ Սա մեկ հոգու ձեռքով կառավարվող երկիր է»,–հավելեց նա։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` Հայաստանն այժմ անկանխատեսելի գործընկեր է թե՛ դաշնակցի, թե՛ հակառակորդի, թե՛ Բրյուսելի ու մյուս կենտրոնների համար։
Եվ եթե այս սցենարով ու այս ճանապարհով շարունակի գնալ իշխանությունը, Հովհաննիսյանը վատագույն սցենար է կանխատեսում.
«Ադրբեջանը հայ–իրանական սահմանը մեզնից կտրելու է և մենք դառնալու ենք ոչ կենսունակ պետություն, Կիրանցում նստած են՝ հայ–վրացական սահմանի վրա ամեն րոպե կարող է փակեն, մի հատ 20 տարեկան ժամկետային զինծառայող կարող է կրակել, և հայ–վրացական ճանապարհը փակվելու է, ՌԴ–ից Հայաստան գազատարը ցանկացած պահի Ադրբեջանը կարող է խափանել, քանի որ այդպես է գնում նոր սահմանազատմամբ։ Հայ–իրանական սահմանը կարող է փակվել, մենք դառնալու ենք ոչ կենսունակ միավոր, և մասշտաբների առումով, եթե Արցախը երկու օրում դատարկվեց, սա կարող է երկու տարում դատարկվել»։
Միևնույն ժամանակ փորձագետը վստահ է` հնարավոր է խուսափել և խափանել այդ վատագույն սցենարը առանց մեկ կրակոցի. Դրա համար ՀՀ–ն պետք է ունենա նոր բանակցող, նոր սոլիդ իշխանություն, նոր բանակցային նարատիվ, և լինի կանխատեսելի բոլորի համար` դաշնակցից մինչև հակառակորդ, Բրյուսելից մինչև Մոսկվա։