ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հրապարակում է արել X-ի միկրոբլոգում։
«Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում ՝ Բելառուսի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրման շնորհիվ, Բելառուսի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ն այսօր չի մասնակցել նաև ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Մինսկում։
Հայաստան– Բելառուս հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն է նկատվում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»: Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետը խոստացել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ այլ պետական պաշտոնյաներ այլևս չեն մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։