Հայաստանից խնձորի և ծաղկի արտահանումը զգալիորեն աճել է. փոխնախարար

ՀՀ–ից ծիրանի արտահանումը մնում է մոտավորապես նախորդ տարվա մակարդակին, իսկ լոլիկի արտահանումը խիստ կրճատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն և ջերմոցային ծաղիկներ, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 10 հազար տոննայով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի բուսաբուծության գծով փոխնախարար Արման Խոջոյանը։
Նրա խոսքով` նկատելի աճ է գրանցել խնձորի արտահանումը. եթե 2023 թ. առաջին կիսամյակում այն կազմել է 3,8 հազար տոննա, ապա 2024 թ.–ին արդեն եղել է 11,5 հազար տոննա։
Դեպի ՌԴ հայկական մթերքի արտահանման տնտեսական խոչընդոտներ այլևս չկան. Պապոյան
Փոխնախարարը նշեց, որ լոլիկի մատակարարումները, ընդհակառակը, 14 հազար տոննայից նվազել են մինչև 6 հազար տոննա, մինչդեռ վարունգի արտահանման ծավալը զգալիորեն աճել է՝ 400 տոննայից հասնելով 4,7 հազար տոննայի։ Ծիրանի արտահանումը մնացել է նախորդ տարվա մակարդակին. 2023 թ. արտահանվել է շուրջ 30 հազար տոննա, մինչդեռ 2024 թ. միայն մայիսի վերջին և հունիսին ծավալն արդեն կազմել է 20 հազար տոննա։
ՀՀ գյուղատնտեսության արտադրությունը 2024 թ. առաջին եռամսյակում աճել է 3,4 %–ով։ Մսի (այդ թվում` թռչնամսի) ընդհանուր ծավալը կազմել է 15,8 հազար տոննա, իսկ կաթի արտադրությունը՝ 123 հազար տոննա, ինչը մոտավորապես համապատասխանում է 2023 թ. ցուցանիշներին։ Բուսաբուծության վերաբերյալ առանձին վիճակագրություն դեռ չի հրապարակվել։
Հայկական մրգերի, բանջարեղենի և ծաղիկների հիմնական արտաքին շուկան մնում է Ռուսաստանը։
ԵԱՏՄ–ն նախատեսում է մեկ տարով երկարաձգել գյուղմթերքի արտահանման մեխանիզմը․ Միշուստին