ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիրջինիա նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ քիչ է մնացել` քնի հոգնածության պատճառով։
«Լավագույն երեկոս չէր։ Բանն այն է, որ հիմարություն եմ արել։ Որոշել էի մի երկու անգամ ճամփորդել աշխարհի շուրջ` անցնելով մոտ 100 ժամային գոտի․․․ դեբատներից առաջ։ Չլսեցի իմ աշխատակիցներին, վերադարձա, և քիչ էր մնում` բեմի վրա քնեի»,- նրա խոսքերը մեջբերում է «Reuters»-ը։
Գործակալությունը գրում է, որ անցյալ ամիս Բայդենը երկու շաբաթվա ընթացքում երկու առանձին ուղևորությունների ժամանակ այցելել է Ֆրանսիա և Իտալիա: Դրանից հետո նա գիշերային թռիչք է կատարել G7-ի գագաթնաժողովից վերադառնալիս՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ Լոս Անջելեսում բարեգործական երեկոյի համար։ Հաջորդ օրը նա վերադարձել է Վաշինգտոն և վեց օր անցկացրել Քեմփ Դեյվիդում՝ պատրաստվելով բանավեճի։
Բայդենը դեմոկրատներին կոչ է արել չդադարեցնել պայքարը՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են: Սպիտակ տանը Ջո Բայդենի վիճակին վերաբերող հարցերը տեղին են անվանել, բայց նշել են, որ նա չի պատրաստվում բանավեճից հետո հանել իր թեկնածությունը:
Բայդենի նախընտրական շտաբում նրա փոխարինումը նույնպես ոչ նպատակահարմար են անվանել, քանի որ մյուս քաղաքական գործիչները հաղթելու ավելի քիչ շանսեր ունեն, քան գործող ամերիկացի առաջնորդը: «Նման փոփոխությունները «քաոս» կառաջացնեին»,– հայտնել է Rolling Stone ամսագիրը, որի տրամադրության տակ է հայտնվել Բայդենի շտաբի նամակը:
Եվ այնուամենայնիվ, դեմոկրատների ճամբարում տարաձայնություններ կան. դեմոկրատները վարագույրների հետևում քննարկում են Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու հեռանկարը։ Ավելի վաղ «The Washington Post»-ը հրապարակել էր ընտրություններում Բայդենին փոխարինելու տասը այլընտրանքային թեկնածուների անունները:
Առաջինը Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը դադարեցնելու հրապարակային կոչ է արել դեմոկրատ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լլոյդ Դոգեթը։
«Ընդունելով, որ, ի տարբերություն Թրամփի, նախագահ Բայդենը միշտ առաջին հերթին հոգ է տարել երկրի, այլ ոչ թե իր մասին, ես հույս ունեմ, որ նա ցավոտ և դժվար որոշում կկայացնի [ընտրարշավից] դուրս գալու մասին։ Ես հարգանքով հորդորում եմ անել դա»,- Դոգեթի խոսքը մեջբերում է «Reuters»-ը։
«The Washington Post»-ը գրում է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման վերջին ամիսներին ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենին բազմիցս զգուշացրել է, թե որքան դժվար կլինի նրա համար վերընտրվելը։ Ըստ հոդվածի` Օբաման իր դաշնակիցներին ասել է, որ նախագահ Բայդենի վերընտրվելու` առանց այն էլ բարդ ուղին է՛լ ավելի է բարդացել բանավեճի ժամանակ նրա թույլ ելույթից հետո:
Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում գլխավորել երկիրը ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի փոխարեն:
«Ես հպարտ եմ, որ Ջո Բայդենի գործընկերն եմ․․․ Ջո Բայդենը մեր թեկնածուն է»,-ասել է Հարիսը՝ մեկնաբանելով նախագահական մրցապայքարից Բայդենի դուրս գալու մասին մի շարք կուսակիցների կոչերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն դիտարկում է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Ջո Բայդենին արդեն հուլիսի կեսերին (այսինքն՝ նախքան կուսակցության համագումարը, որը պետք է տեղի ունենա օգոստոսին) պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը:
Բայդենի և Թրամփի առաջին բանավեճը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը։ Գործող նախագահը շփոթված տեսք է ունեցել, երբեմն կակազել է, անհասկանալի մտքեր արտահայտել, ինչն անհանգստություն է առաջացրել Դեմոկրատական կուսակցությունում, իսկ հովանավորների մոտ՝ կասկածներ, թե արդյոք նա կարող է արժանի մրցակից լինել հանրապետական Թրամփի համար: Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը պետք է կայանա սեպտեմբերի 10-ին: ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: