ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և քննչական կոմիտեն քննչական գործողություններ են կատարում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ քրեական վարույթի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ։ Աբրահամյանը հայտնել է, որ կան ձերբակալված անձինք։
Քրեական վարույթը քննվում է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
ՔԿ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է` նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։