Անհայտ անձինք ոստիկանության անունից փորձում են գումար շորթել. ՆԳՆ–ն զգուշացնում է

Գումարի վերադարձի համար նախատեսված դիմումի մեջ քաղաքացիներից պահանջում են անձնական տվյալներ լրացնել, ինչից հետո էլ օտար լեզվով խոսող անձինք են զանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության անունից «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցերում անհայտ անձինք փորձում են խարդախությամբ գումար շորթել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ սոցիալական ցանցերում գովազդ է տարածվում։
«Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար»,– ասված է հաղորդագրությունում:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել ոստիկանություն:
Որևէ անձնական տվյալ չտալ. «ՀայՓոստը» զգուշացնում է` խարդախներ են գործում իր անունից