Ուշակովը բացահայտել է, թե ովքեր են հրավիրվել «ՇՀԿ պլյուս» ձևաչափով առաջին հանդիպմանը

ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը Երևանում. Արխիվային լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 4-ին, Աստանայի Անկախության պալատում: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինի ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Առաջին անգամ «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
««ՇՀԿ պլյուս» ձևաչափը առաջին անգամ է կիրառվում։ Այժմ այդ ձևաչափի մասին պաշտոնապես հայտարարվել է։ Տվյալ միջոցառման թեման կոչվում է «բազմակողմ երկխոսության ամրապնդում, կայուն խաղաղության և զարգացման ձգտում»: Այսինքն` հրավիրված երկրների հետ հիմնականում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային թեմաներով ՇՀԿ համագործակցության հարցերը», - նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
«ՇՀԿ պլյուս» ձևաչափով առաջին հանդիպման հրավերներ են ստացել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրէլսուխը, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ինչպես նաև մի շարք երկրների և միավորումների ղեկավարներ:
Ինչպես հայտնել Է Ուշակովը, միջազգային կազմակերպություններից հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարները՝ Անտոնիու Գուտերեշը, Իմանգալի Տասմագամբետովը և Սերգեյ Լեբեդևը, ինչպես նաև ԵՏՀ, Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Կառույցին սկզբում անդամակցում էին վեց երկրներ ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը․ 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023-ին՝ Իրանը։ Առաջիկայում սպասվում է կազմակերպությանը Բելառուսի անդամակցության գործընթացի ավարտը։