ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է Հռիփսիմե Խուրշուդյանին և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար։
«Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»,– ասել է նա:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:
Հիշեցնենք` փետրվարի 19-ին Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա ծանրամարտիկը հանեց մարզակոշիկները` ակնարկելով կարիերան ավարտելու մասին, սակայն մի քանի օր անց` փետրվարի 22-ին, Երևան վերադառնալուց հետո հայտարարեց, որ հնարավոր է` շարունակի կարիերան և մասնակցի աշխարհի առաջնությանը։