ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկի մարտիկների հիշատակին, որոնք զոհվել են հատուկ ռազմական գործողության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Հարությունյանը դեսպանատան աշխատակիցների հետ այցելել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին» հուշահամալիր, ինչպես նաև «Կուրսկ՝ Զինվորական փառքի քաղաք» ցուցահանդեսային կենտրոն:
Հուշահամալիրի տարածքում, բացի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների գերեզմաններից, կա նաև գերեզմանատուն, որտեղ խորհրդային տարիներին թաղում էին Կուրսկի պատվավոր քաղաքացիներին և լոկալ հակամարտությունների մասնակիցներին: Այժմ այստեղ թաղված են նաև մի քանի տասնյակ կուրսկցիներ, որոնք զոհվել են հատուկ ռազմական գործողության ընթացքում։
Վաղարշակ Հարությունյանը երկու ծաղկեփունջ է դրել, մեկը՝ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրին, մյուսը՝ Հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների գերեզմանատանը տեղադրված հուշակոթողին, որի վրա գրված է. «Ռուսաստանի քաջարի զինվորներին հավերժ փառք, հավերժ հիշատակ»։
Մարզային վարչակազմի ուղեկցող աշխատակիցը դեսպանին ներկայացրել է այդ գերեզմանատանը թաղված որոշ զինվորների, այդ թվում՝ Ռուսաստանի հերոս, գվարդիայի ենթասպա Արթուր Լապշինի (1989-2023) պատմությունները:
Տեղի թանգարանում դեսպանը դիտել է Լապշինին նվիրված ցուցատախտակը. այստեղ հավաքված են նրա անձնական իրերը, վերստեղծվել է համազգեստը, այստեղ է նաև նրան հերոսի կոչում շնորհելու մասին հավաստագիրը: