ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին, խեղաթյուրում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքը Չինաստանին հակառակորդ չի համարում, բայց Պեկինը մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին, շահերին և անվտանգությանը:
«Ես չգիտեմ, թե որոնք են ՆԱՏՕ-ի արժեքները։ Եթե այն, որ գաղափարական գծերն օգտագործեն հակասություններ ստեղծելու, առճակատում հրահրելու և լարվածությունը սրելու համար, ապա Չինաստանն իսկապես չի կարող համաձայնել դրան»,- հայտարարել է չինացի դիվանագետը։
Մաո Նինի խոսքով՝ իրականում ՆԱՏՕ-ն է, որ անընդհատ մարտահրավեր է նետում Չինաստանին, միջամտում Չինաստանի ներքին գործերին, խեղաթյուրում և սևացնում է ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև լուրջ մարտահրավեր է նետում Պեկինի շահերին և անվտանգությանը: