Լենա Նազարյանը ներողություն է խնդրել. նա դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին

Լենա Նազարյան
Դատարանը բավարարել է 300 հազար դրամի փոխհատուցումը, քանի որ ՔՊ–ական պատգամավորը առավել մեծ գումար վճարելու հնարավորություն չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
2021 թվականի մայիսի 3-ին Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը վիրավորեց նրան` ասելով «իդիոտկա»։
Թովմասյանը պահանջեց, որ Նազարյանը ներողություն խնդրի, բայց նա հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան:
«Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում, և հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը դատարանի պահանջով «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաև պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար»,– գրում է «Ժողովուրդը»:
Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ ՔՊ–ական պատգամավորը առավել մեծ գումար վճարելու հնարավորություն չունի:
Ըստ թերթի` իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել և, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին: