ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն ՌԴ նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղուց ենք պլանավորել այցելություն կատարել Թուրքիա։ Կարծում եմ՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն այդ հարցը։ Ըստ իս` երկու երկրների ղեկավարները կարծիքների փոխանակման շատ թեմաներ ունեն, քանի որ մեր պետությունները տարածաշրջանային առումով շատ մեծ դեր են խաղում»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովը նաև ընդգծել է, որ Մոսկվան մշտական կապ է պահպանում Անկարայի հետ: Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցի ընթացքում կհաջողվի քննարկել նույնիսկ ամենազգայուն հարցերը:
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում, Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի ղեկավարի, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։