ՀՀ–ում տղամարդը 68 քաղաքացուց 9 մլն դրամ է հափշտակել սոցցանցային հայտարարության միջոցով

«Ֆեյսբուք» սոցիալական ցանց
Քրեական գործի շրջանակում մեղադրվող 30–ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանում բնակվող 30–ամյա տղամարդը հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9 մլն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։
Տղամարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին (իբր 2020 թ․ սեպտեմբերի համար ձեռք բերած հանգստյան ուղեգրերի օրերը կկրկնապատկվեն)։
Իրականությանը չհամապատասխանող այդ հայտարարության հիման վրա քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։
Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները հյուրանոցային համարի արժեքը փոխանցել են տղամարդու ուղարկած հաշվեհամարին։
Նա հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկել է քաղաքացիներին։ Երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում տղամարդը քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ ավելի քան 9 մլն դրամ։
30–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Նրա հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
ՔԿ–ից նշում են, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։
«Հայբուսակի» ռեկտորը մի շարք անձանցից գումար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով